Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) շարունակում է իրագործել իր համաթեմական, համահայկական և տարածաշրջանային ծրագրերը:

Սույն թվականի հուլիսի 12-ին առցանց ձևաչափով կայացավ ՀԵՀԵՄ VII Ատենապետաց ժողովը, որին մասնակցեցին Հայաստանի և սփյուռքի 37 թեմերից, ինչպես նաև՝ Կոնստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից շուրջ 90 ՀԵՀԵՄ հոգևորական և աշխարհական պատասխանատուներ։
Ատենապետաց ժողովը մեկնարկեց «Տերունական» աղոթքով։

Ժողովը նախագահեց ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը։
Օրակարգային հարցերից էին 2024 թ․ անցկացվելիք Տարածշարջանային ֆորումները և 2025 թ․ ՀԵՀԵՄ 25-ամյակին նվիրված «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով համահայկական ուխտագնացությանը նախապատրաստությունը։

Սրբազան Հայրը հանձնարարեց, որպեսզի բոլոր թեմերն իրենց առաջարկները ներկայացնեն ուխտագնացության վերաբերյալ, որոնք համադրելուց հետո կներառվեն ծրագրում։

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը ներկայացրեց այն տարածաշրջանները, որտեղ առաջիկայում նախատեսվում է անցկացնել Տարածաշրջանային ֆորումներ։
ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդը կարևորեց առաջիկայում ևս ՀԵՀԵՄ գրասենյակի և թեմերի միջև համագործակցության և կապի ապահովումը և ծրագրերի փոխանակումը։
Որոշվեց սեպտեմբեր ամսին գումարել ևս մեկ Ատենապետաց ժողով։
Ատենապետաց ժողովն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով։

 

ԱԺ-ն խորհրդակցական մարմին է, որին մասնակցում են թեմերի երիտասարդական հարցերով հոգևոր և աշխարհիկ պատասխանատուները: Կենտրոնական գրասենյակի հրավերով այն գումարվում է մեկ կամ երկու տարին մեկ պարբերականությամբ, ինչպես նաև՝ ըստ անհրաժեշտության։ Օրակարգում քննարկվում են կայացած և նախատեսվող ծրագրերի մանրամասները, համահայկական միջոցառումների կազմակերպչական հարցերը, տարվա միջոցառումների կարգախոսը, տարածաշրջանային ժողովներին վերաբերող հարցերը, ՀԵՀԵՄ Ուղենիշի փոփոխությունները և այլ հարցեր: Ատենապետաց ժողովում յուրաքանչյուր թեմ ունի մեկ ձայն: