Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տ. Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և օժանդակությամբ, եկեղեցու նվիրյալ բարերար Դավիթ Բաբայանի Best Friends Tour-ի աջակցությամբ, Բարեշնորհ Գևորգ սարկավագ Ավետիսյանի նախաձեռնությամբ 2025 թվականի մարտի 28-31-ը իրականացավ թվով 30  երիտասարդների  «Դեպի Հայաստան» գարնանային ուխտագնացությունը։

Պահոց շրջանում հայրենաճանաչության և հոգևոր ամրության նպատակով ուխտը վիրահայ երիտասարդների համար մեծ կարևորություն ունի:

Ուխտագնացության առաջին օրը արևային Երևանը դիմավորեց ուխտավորներին Մատենադարանի եզակի ձեռագրերով, Մաշտոցյան պողոտայի շնչով: Անմոռանալի էին մայրաքաղաքի ճարտարապետական կոթողները, «Best Friends Tour» տուրիստական կազմակերպության ուղեկցությամբ զբոսանքը, իսկ երեկոյան՝ հոգևոր զրույցը «Աստծո կամքը» թեմայով:
Երկրորդ օրը, որը նվիրված էր պատմական վայրերին, Ծիծեռնակաբերդում՝ երիտասարդները խոնարհվեցին ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին: Չարենցի կամարում վայելեցին Արարատի վեհաշուք տեսարանը, որը լրացվեց ազգագրական երգերով ու ասմունքով։ Գառնիում ու Գեղարդում ոչ միայն զգացին պատմության շունչը, այլև մասնակցեցին երեկոյան ժամերգությանը։ Իսկ օրվա վերջում մտերմիկ զրույցով հոգևոր քննարկումն ընթացավ հոգևոր թեմաներով ուրարակիր Թովմաս Առաքելյանի մասնակցությամբ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Պատարագին մասնակցելուց հետո ուխտավոր երիտասարդները ստացան Վեհափառ Հայրապետի օրհնությունը, որը նաև Քրիստոնեական հավատքի զավակներ լինելու ներշնչանք էր: Թբիլիսահայ երիտասարդները Ս. Գայանե և Ս. Հռիփսիմե վանքերում մասնակցեցին միասնական աղոթքին: Օրվա ընթացքում նրանց համար բացահայտվեց Եղվարդի Ս. Աստվածածին գողտրիկ եկեղեցին, իսկ երեկոն եզրափակեցին Բջնիում՝ ազգային երգ ու պարով լի խնջույքով։
Թախիծ ու տրտմություն բերող էր երիտասարդների այցը Եռաբլուր, նրանց խոնարհումը հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակին: Թբիլիսիից ժամանած երիտասարդ ուխտավորները այցելեցին նաև Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոցի եկեղեցի, եղան Հովհաննավանքում: Վերջին կանգառը Բաշ-Ապարանն էր, Դրոյի հիշատակի կոթողը:
Վիրահայոց թեմի երիտասարդների համար այս ուխտագնացությունը ոչ միայն ճամփորդություն էր, այլև հոգևոր ու ազգային ինքնության վերագտնում։

աղբյուր