Արարատի մարզի Արևշատ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին և բակում տեղադրված խաչքարը օծվել են 2006թ. հուլիսի 23-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիկոպոս Կճոյանի և մասնակցությամբ քահանայից դասի։
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է նախկին համանուն եկեղեցու ավերակների վրա: Գյուղի հին բազիլիկ եկեղեցին կառուցվել էր դեռևս 1890-ական թթ., այնուհետև վերակառուցվել ու օծվել 1903թ.: 1937թ., անհատի պաշտամունքի տարիներին, եկեղեցին փակվել էր և աստիճանաբար խոնարհվել: Եկեղեցի չունենալու պատճառով արևշատցիները գնում էին հարևան գյուղերի եկեղեցիներ՝ մասնակցելու եկեղեցական արարողություններին:
Եկեղեցու բարերարն այժմ Ռոստովում բնակվող նախկին արևշատցի Սամվել Դավթյանն է: 2005թ. ճարտարապետ Դավիթ Քերթմենջյանի նախագծով կարճ ժամանակամիջոցում կառուցվեց գմբեթավոր եկեղեցին՝ իր զանգակատնով: