Աշխատանքային Այցով Արգենտինայում գտնվող ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը մայիսի 13-ին այցելեց Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդարան, որտեղ Հայր Սուրբի ժամանման առիթով տեղի ունեցավ բարիգալստյան ընթրիք՝ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի, Թեմական խորհրդի ատենապետ Վարտի Մանուկյանի, հոգևորաց դասի և վարչականների մասնակցությամբ։
Հայր Թովման ներկաներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունները և ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Հովնան աքրեպիսկոպոս Տերտերյանի ողջույնը։
Մայիսի 14-ին Բուենոս Այրեսում նախատեսվում է տեղի երիտասարդների մասնակցությամբ անցկացնել ՀԵՀԵՄ թեմական ֆորում, իսկ մայիսի 15-ին Բուենոս Այրեսի առաջնորդանիստ Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կմատուցվի Ս․ Պատարագ՝ ձեռամբ Հայր Թովմայի։