Ավարտվեց Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հրավերով, հուլիսի 2-7-ը հայրենիքում անցկացված ՀԵՀԵՄ կազմավորման  25-ամյակին նվիրված «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով համահայկական ուխտագնացությունը:

ՀԵՀԵՄ համաhայկական ուխտագնացությանը մասնակցեցին շուրջ 300 երիտասարդներ՝ հայաստանյան և աշխարհասփյուռ թեմերից, ինչպես նաև՝ թեմակալ առաջնորդներ և հոգևորականներ, այդ թվում՝ ներկայացուցիչ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից։

Ուխտագնացության պաշտոնական բացմանը ներկա գտնվեց և հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց երիտասարդներին Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց աշխարհի տարբեր կողմերից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո հայորդիների համախմբման առիթով՝ այն լավագույն առիթ նկատելով զորացնելու հավատքն առ Աստված և նվիրումը առ հայրենին։

«Սիրասուն զավակներ մեր, որտեղ էլ լինի՝ թե՛ Հայաստանում, և թե՛ սփյուռքում, հոգևոր ու ազգային արժեհամակարգի պահպանությամբ ու դրան հավատարմությամբ է միայն հնարավոր հայ լինել, մնալ արժանավոր զավակը ազգի և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու։ Այս կառույցին և թեմերին կից երիտասարդական կազմակերպություններին անդամակցելով՝ հայորդիները առավել զորանում են Աստվածասիրությամբ ու հայրենանվիրումով, պատրաստ լինում գովարժան հանձնառությունների մեր հավատքի, մշակույթի ու լեզվի պահպանության, այլև՝ ազգային անդաստանում կարևոր դերակատարության», — ասաց Վեհափառ Հայրապետը։

Ուխտագնացության առաջին երկու օրը երիտասարդները մասնակցեցին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով կրթական ծրագրին, որի շրջանակներում բանախոսություններով հանդես եկան հոգևոր հայրերը։

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին տրվեցին վկայականներ և շնորհակալագրեր՝ կազմակերպիչներին։

Երիտասարդներն ուխտավորաբար եղան հայաստանյան մի շարք սրբավայրերում։

Բոլոր օրերին անցկացվեցին առավոտյան և երեկոյան ժամերգություններ։

Ուխտագնացության ավարտին երիտասարդներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Մայր Տաճարում մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագի՝ հանդիսապետությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

Պատարագիչն էր ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

«Սուրբ Էջմիածինը ներշնչում է մեզ խոնարհվելու մեր սրբազան ավանդույթների առջև, Սուրբ Էջմիածինը մեր առջև բացում է լուսավորյալ կյանքի ճանապարհը՝ նոր թռիչք տալով ձեր ծաղկյալ հոգիներին և իղձերին, որպեսզի ինչպես այսօր և հավիտյան միավորի աշխարհասփյուռ հայությանը՝ դառնալով ոգեշնչման աղբյուր մեր զավակների և գալիք սերունդների համար», -իր քարոզում նշեց Հովնան Սրբազանը՝ պատգամելով երիտասարդներին ծառայության բարձր գիտակցությամբ կամուրջ լինել Հայրենիքի ու Սփյուռքի միջև։

ՀԵՀԵՄ կազմավորման  25-ամյակին նվիրված «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով համահայկական ուխտագնացությունն ավարտվեց երգ ու պարով ուղեկցվող հյուրասիրությամբ և հրաժեշտի խարույկով։

ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունները հրավիրվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Մասնակիցները Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի եկեղեցասեր երիտասարդներն են: Վերջին տարիներին հիշարժան են հատկապես «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Հայրենիք» (2018թ.), «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» (2019թ.) և «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» (2022 թ.), «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» (2023 թ.),  համահայկական ուխտագնացությունները:

 

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ