• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Բուենոս Այրեսում անցկացվեց ՀԵՀԵՄ թեմական ֆորում

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և  Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման  հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ, ընդառաջ Հարավային Ամերիկայի Հայ Եկեղեցու թեմերի հրավերի շարունակվում է ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի աշխատանքային այցը ՀԵՀԵՄ տարածաշրջան։

Ներկա պահին Հայր Թովման գտնվում է Արգենտինայում: Թեմական ֆորումներ անցկացվեցին երեք հայաշատ քաղաքներում՝ Ռոզարիո (մայիսի 10), Կորդոբա (մայիսի 12), Բուենոս Այրես (մայիսի 14)։

Արգենտինայի մայրաքաղաքում ՀԵՀԵՄ թեմական ֆորումն անցկացվեց տեղի հայ համայնքի երիտասարդների մասնակցությամբ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը և ընթերցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը երիտասարդներին։

Ցուցադրվեցին Արգենտինայի թեմակալ առաջնորդին և երիտասարդներին հասցեագրված Գերաշնորհ Հովնան Սրբազանի տեսաուղերձները։

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչը Գրասենյակի կողմից պատրաստված սահիկների և տեսահոլովակների ձևաչափով ֆորումի մասնակիցներին ներկայացրեց ՀԵՀԵՄ-ի առաքելությունը, տարածաշրջանային կառուցվածքը, հոգևոր–երիտասարդական ծրագրերն ու տեղեկատվական հարթակները։ Առանձին տեսանյութով ներկայացվեցին 2022թ․-ին արդեն իսկ կայացած ՀԵՀԵՄ տարածաշրջանային և թեմական ֆորումները։

Այնուհետև երիտասարդները նախապես կազմված հարցաշարի օգնությամբ փորձեցին վերհանել հայապահպան, հավատապահպան և ազգային-հոգևոր ինքնությանն առնչվող խնդիրները և գտնել դրանց լուծման ուղիները։ Կարևորվեց երիտասարդական քրիստոնեական աշխատանքի պրոֆեսիոնալիզացիան և իրականացվեց կարիքների գնահատում։

Փակման խոսքում Հայր Թովման կրկին իր շնորհակալությունը հայտնեց Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանին և Արգենտինայի Հայոց թեմին, ի մասնավորի՝ Գերաշնորհ Գիսակ Սրբազանին և Թեմական խորհրդի ատենապետ Վարթի Մանուկյանին, հրավերի և Հարավային Ամերիկայի թեմական ֆորումների կայացմանը նպաստելու համար։

Ֆորումի մասնակիցներին հանձնվեցին վկայականներ և Մայր Աթոռից բերված խաչեր։

Ֆորումի ավարտին մասնակիցների համար ելույթ ունեցավ աշխարհահռչակ հայազգի կիթառահար Հովան։

Մայիսի 15-ին Բուենոս Այրեսի առաջնորդանիստ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Ս․ Պատարագ՝ ձեռամբ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի։ Ներկա էին Թեմական վարչության անդամներ, ազգային հաստատությունների ներկայացուցիչներ և շարքային հավատացյալներ։

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչի հաջորդ կանգառը Ուրուգվայի Հայոց թեմն է։

 

2022 թվականը ՀԵՀԵՄ-ի համար հռչակվել է Տարածաշրջանային ֆորումների և Համահայկական ուխտագնացության տարի։ ՀԵՀԵՄ-ը տարածաշրջանային և թեմական ֆորումներ է անցկացնում Հայաստանում և Սփյուռքում։ Արդեն իսկ կայացել են ՀԵՀԵՄ Ռուսաստանի և ԱՊՀ-ի (Կիսլովոդսկ), ՀԵՀԵՄ Եվրոպայի (Բրյուսել, Պրահա), ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (Կահիրե) տարածաշրջանային ֆորումները, Բրազիլիայում (Սան Պաուլո), Արգենտինայում (Ռոզարիո, Կորդոբա, Բուենոս Այրես)՝ ՀԵՀԵՄ թեմական ֆորումները։