Հուլիսի 6-ին մեկնարկեց «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագրով համահայկական ուխտագնացությունը, որն անցկացվում է Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ։ Արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը մասնակցում են մոտ երկու հարյուր երիտասարդներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։
Ուխտագնացությունն իրենց մասնակցությամբ պատվել են ԱՄՆ Արևմտյան թեմի և ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Բուլղարիայի և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Արևելյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Գերմանիայի Հայոց թեմի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ինչպես նաև՝ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից ներկայացուցիչ Հոգեշնորհ Հարություն վարդապետ Տամատյանը։
Ուխտագնացությունը մեկնարկեց առավոտյան աղոթքով, որից հետո սկսվեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա դասընթացը։ Այն վարելու համար հրավիրվել են ոլորտի մասնագետները։ Դասընթացը միաժամանակ ընթանում էր հինգ խմբերում։ Այն ներառում էր թիմային, ճանաչողական խաղեր և վարժանքներ։ Երիտասարդները միասին կառուցեցին ակնկալիքների ծառը։
Այս դասընթացը երիտասարդական աշխատանքի մասնագետների և հոգևորականների արդյունավետ և ինտերակտիվ համագործակցության օրինակ էր։ Երիտասարդական աշխատանքի մարզիչների հետ նախապես համաձայնեցված օրակարգով յուրաքանչյուր խմբում բանախոսեցին ուխտագնացությանը մասնակից հոգևորականները՝ «Քրիստոնեական երիտասարդական աշխատանք», «Միասնականություն», «Ամենայն ձայն թող լսելի լինի» թեմաներով։ Երիտասարդներին խմբային առաջադրանքներ տրվեցին, որոնց միջոցով նրանք վերհանեցին իրենց թեմերում և երիտասարդաց միություններում առկա խնդիրները և լուծումներ առաջարկեցին։
Հուլիսի 8-ին ուխտավոր երիտասարդները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։ Նույն օրը այցելություն կլինի նաև Եռաբլուր։ Երիտասարդները ուխտավորաբար կլինեն Օշականում և Հայաստանի այլ սրբավայրերում։
«ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագրով համահայկական ուխտագնացությունը կավարտվի հուլիսի 10-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագին մասնակցությամբ, որ կմատուցվի ձեռամբ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի։