Այս օրերին այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ Արևմտյան թեմի և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը այցելեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ՝ հանդիպելու աշխատակազմին։ Սրբազան Հորն ընդունեց և Գրասենյակի աշխատակիցներին ներկայացրեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Թովմա վարդապետ Խաչատրյանը։
Հանդիպումն սկսվեց Տերունական աղոթքով։ Հովնան Սրբազանն իր խոսքում կարևորեց ՀԵՀԵՄ ԿԳ-ի աշխատանքը, համաթեմական երիտասարդական քրիստոնեական ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը։
«ՀԵՀԵՄ-ը ուղեցույց տվող կազմակերպություն պիտի լինի։ Ճիշտ է, Կենտրոնական գրասենյակը Երևանում է գտնվում, բայց այն բոլորին պատկանող և բոլորին միավորող գրասենյակ է։ ՀԵՀԵՄ-ի հիմնական ծրագրերը պիտի լինեն տարածաշրջանային հանդիպումները և դրանք ուղղորդող ամենամյա համահայկական ուխտագնացությունները։ Եթե կենտրոնանանք այս երկու ծրագրերի վրա, մեր ուժերը կարդյունավորվեն»,- անդրադառնալով ՀԵՀԵՄ-ի տեսլականին՝ ասաց Հովնան Սրբազանը։