Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ անցկացվող «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության (5-10 հուլիս) վերջին օրը՝ հուլիսի 9-ը մեկնարկեց Չարենցավանի Ս․ Փրկիչ եկեղեցում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին ուխտավոր երիտասարդների մասնակցությամբ։ Պատարագը մատուցվեց ձեռամբ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի և հանդիսապետությամբ Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի։
Ուխտավոր երիտասարդներին մաղթելով հոգևոր կապի ամրապնդում հայրենիքի, հայրենի սրբությունների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ՝ Առաքել Սրբազանը Տիրոջ օրհությունը հայցեց ՀԵՀԵՄ-ի կողմից իրականացվող այս համահայկական նախաձեռնության անխափան ընթացքի համար։
«Մենք ամեն պահ, ամեն վայրկյան պետք է փնտրենք Տիրոջը, բայց առավել կարևոր է, որ մենք Տիրոջը փնտրենք հատկապես երիտասարդության ընթացքին, քանի որ մարդն ավելի սայթաքող է, ավելի վրիպող է հենց այդ շրջանում։ Դրա համար, սիրելի երիտասարդներ, կուզեմ որ ձեր կյանքի ամենաթանկ բանից, որ ժամանակն է, ամեն օր բաժին հանեք Ամենակարող Աստծուն, որպեսզի երկրի վրա ձեր կենաց օրերն օրհնված լինեն»,- իր խոսքում մասնավորապես ասաց Սրբազան Հայրը։
Իր կիրակնօրյա քարոզում ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդը, անդրադառնալով մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից հինգ հազար հոգանոց բազմությանը կերակրելու սուրբգրային դրվագին, որտեղ Հիսուս իր աշակերտներին ասում է ․«Դո՛ւք նրանց ուտելու բան տուէք (Մատթ․ 14; 16)», դիմեց ՀԵՀԵՄ ուխտավոր երիտասարդներին և ներկա բազմությանը՝ ասելով․ «Քրիստոս նկատի ուներ ոչ միայն մարմնավոր, այլև հոգևոր կերակուրը, որը եկեղեցու առաքելությունն էր այդուհետ դառնալու։ Մեր Տիրոջ այս պատգամը մեզ է ուղղված՝ քրիստոնյաներիս, մեզանից յուրաքանչյուրին, և մանավանդ ուխտագնացությանը մասնակից երիտասարդներին, որոնք եկել են այս հոգևոր ճանապարհորդության ընթացքում ապրելու, զգալու հոգևոր պայծառակերպություն իրենց կյանքում։ Վերադառնալով ձեր համայնք, եկեղեցի, սիրելի երիտասարդներ, աղոթքով, հավատքով իջեք մինչև ձեր հոգու խորքը և տեսեք, որ այն հացը, որի մասին Քրիստոս է ասում, ձեզ հետ է արդեն։ Մարմնավոր հացի մասին չէ այստեղ խոսքը, այլ՝ հոգևոր շնորհների, որ ունեք ձեր ներսում և որոնք բաշխելու, փոխանցելու պարտականությունը ձեզ է վստահված»։
Սուրբ Պատարագի ավարտից հետո, եկեղեցու բակում ուխտավոր երիտասարդները շուրջպար բռնեցին։
Օրվա երկրորդ հատվածում հանդիսավոր կերպով վկայականներ հանձնվեցին «Թվային քրիստոնեական երիտասարդական աշխատանք» դասընթացի մասնակիցներին։
«Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունն ավարտվեց հրաժեշտի խարույկով։