Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը կունենա իր թատերախումբը: Այդ առիթով Հունիսի 25-ին ՀԵՀԵՄ ԿԳ հոգևոր տեսուչ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը Կենտրոնական գրասենյակում հանդիպեց ռեժիսոր, մնջախաղաց, թատերական հանդիսությունների կազմակերպիչ Լևոն Իվանյանին և «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչ, Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցու համայնքային թատրոնի հիմնադիր Տաթևիկ Պետրոսյանին: Հանդիպումը հայր սուրբի հետ նախաձեռնել էր ՀԵՀԵՄ տեղեկատվական գծով պատասխանատու Արաքսյա Պողոսյանը:
ՀԵՀԵՄ թատրոնը կդառնա հոգևոր արժեքների փոխանցման գեղարվեստական հարթակ: Աստվածաշնչյան թեմաների բեմականացումը՝ ժամանակակից սյուժեներով համեմված, և եկեղեցական տոները մեծ թատերային հանդիսություններով նշելը նոր լիցք կհաղորդեն ՀԵՀԵՄ երիտասարդական կյանքին և այդ կենսակերպի քարոզմանը: Զրուցակիցներն իրենց տեսլականը ներկայացրեցին ապագա թատրոնի ստեղծման վերաբերյալ, այն կյանքի կոչելու ճանապարհային քարտեզն ուղենշեցին, ինչպես նաև ՀԵՀԵՄ երիտասարդական ներուժի կիրառմամբ լայնամասշտաբ թատերային հանդիսություններ կազմակերպելու ռազմավարությունը մշակեցին: Որոշվեց նմանատիպ քննարկումները դարձնել շարունակական: