Ապրիլի 1-ին մեկնարկեց ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ֆորումը, որի բացմանը մասնակիցներին տեսաուղերձով ողջունեց ՀԵՀԵՄ առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։
Ուղերձում մասնավորապես ասվում է․
«Սիրելի և Գերաշնորհ Աշոտ Սրբազան, ուրախությամբ ողջունում ենք Ձեզ և մեր երախտագիտությունը հայտնում ՀԵՀԵՄ տարածաշրջանային ֆորումը հյուրընկալելու համար։
Ինչպես գիտեք, ՀԵՀԵՄ-ը ծնունդ առավ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հանդիսությունների ընթացքում և առայսօր գործում է մեր սուրբ Եկեղեցու մեծ ընտանիքի մեջ՝ օրհնությամբ ու քաջալերանքով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
Ողջունում ենք ՀԵՀԵՄ տարածաշրջանային ֆորումը, որի կազմակերպումը հանձն է առել Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը, և նրա շուրջ այս օրերին համախմբվել են երիտասարդներ՝ աշխարհի տարբեր վայրերում։ Արդեն իսկ տեղի են ունեցել երկու տարածաշրջանային ֆորումներ, որոնցից մեկին անձամբ կարողացանք ներկա գտնվել։ Կենտրոնական Եվրոպայում՝ Պրահայում, ավելի քան 12 երկրների երիտասարդներ իրենց մասնակցությունը բերեցին համաժողովին՝ նախապատրաստվելու համար հուլիսի 6-10 կայանալիք համահայկական ուխտագնացությանը։
Անցնող երկու տարին դժվարություն ունեցանք տարածաշրջանային ժողովներ կազմակերպելու՝ նկատի ունենալով կորոնավիրուսի ստեղծած դժնդակ պայմանները։ Փառք Աստծո, պայմաններն արդեն փոխվել են, և մենք վերսկսում ենք մեր աշխատանքն աշխույժ և խանդավառ տրամադրությամբ։
ՀԵՀԵՄ-ը մեր Եկեղեցու կյանքում կարևոր և նվիրական առաքելություն է իրականացնում՝ համախմբել երիտասարդությանը Եկեղեցու շուրջ, որպեսզի նրանք իրենց ակտիվ և գործոն դերակատարությամբ կարողանան նաև ճանապարհ հարթել վաղվա հոգևոր և աշխարհիկ առաջնորդների համար՝ Եկեղեցու կյանքում։ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեջ ՀԵՀԵՄ-ի առաքելությունը պիտի համարել ամենակարևորը, որովհետև ՀԵՀԵՄ-ը կամուրջ պիտի լինի այսօր և բոլոր ժամանակներում։
Շնորհակալություն Եգիպտոսի Հայոց թեմին՝ Գերաշնորհ Մարկոս Սրբազանի առաջնորդությամբ, ֆորումը իրենց հարկի ներքո հյուրընկալելու համար։ Նաև մեր մասնավոր գնահատանքն ենք հայտնում հայր Թովմային և՝ մեր ուրախությունն ու երախտագիտությունը բոլոր այն երիտասարդներին, որոնք Եգիպտոսում՝ Կահիրեում, Առաջնորդարանի կազմակերպած տարածաշրջանային ժողովին իրենց մասնակցությունն են բերել՝ հավատքով և ազգային գիտակցությամբ։
Համախմբվե՛ք, սիրելի երիտասարդներ, Եկեղեցու շուրջ, ունեցեք ձեր մեջ նաև առանձնաշնորհված լինելու զգացողությունը, որ ձեզ է վստահվել, որպես երիտասարդների, Եկեղեցու առաքելությունը հաջողելը և առաջնորդելը գալիք բոլոր սերունդների համար։ Ողջունում ենք այս տարածաշրջանային ժողովը և մաղթում ամենայն բարիք և հաջողություն։
Աստծո օգնությունը թող բոլորիդ հետ լինի այժմ և հավիտյանս, Ամեն»։