Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) շարունակում է իրագործել իր համաթեմական, համահայկական և տարածաշրջանային ծրագրերը:
Սույն թվականի նոյեմբերի 15-ին առցանց ձևաչափով կայացավ ՀԵՀԵՄ VIII Ատենապետաց ժողովը, որին մասնակցեցին Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքություններից, ինչպես նաև՝ հայաստանյան և սփյուռքի թեմերից շուրջ 80 ՀԵՀԵՄ հոգևորական և աշխարհական պատասխանատուներ։
Ատենապետաց ժողովը մեկնարկեց «Տերունական» աղոթքով։
Ժողովը նախագահեց ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը։
Օրակարգային հարցերից էին Տարածշարջանային ֆորումները, ՀԵՀԵՄ-Թեմեր համագործակցությունը և 2025 թ․ ՀԵՀԵՄ 25-ամյակին նվիրված «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով համահայկական ուխտագնացությանը նախապատրաստությունը։
Սրբազան Հայրը հանձնարարեց, որպեսզի բոլոր թեմերն իրենց առաջարկները ներկայացնեն ուխտագնացության վերաբերյալ, որոնք համադրելուց հետո կներառվեն ծրագրում:
ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը ներկայացրեց այն տարածաշրջանները, որտեղ առաջիկայում նախատեսվում է անցկացնել Տարածաշրջանային ֆորումներ։ Կարևորվեց ՀԵՀԵՄ գրասենյակի և թեմերի միջև համագործակցության և մշտական կապի ապահովումը, ինչպես նաև՝ ծրագրերի և փորձառության փոխանակումը։
ԱԺ-ն խորհրդակցական մարմին է, որին մասնակցում են թեմերի երիտասարդական հարցերով հոգևոր և աշխարհիկ պատասխանատուները: Կենտրոնական գրասենյակի հրավերով այն գումարվում է մեկ կամ երկու տարին մեկ պարբերականությամբ, ինչպես նաև՝ ըստ անհրաժեշտության։ Օրակարգում քննարկվում են կայացած և նախատեսվող ծրագրերի մանրամասները, համահայկական միջոցառումների կազմակերպչական հարցերը, տարվա միջոցառումների կարգախոսը, տարածաշրջանային ժողովներին վերաբերող հարցերը, ՀԵՀԵՄ Ուղենիշի փոփոխությունները և այլ հարցեր: Ատենապետաց ժողովում յուրաքանչյուր թեմ ունի մեկ ձայն: