Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀԵՀԵՄ Հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի  հրավերով մեկնարկել է Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կազմավորման  25-ամյակին նվիրված  «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով հուլիսի 2-7-ը անցկացվող համահայկական ուխտագնացությունը։

ՀԵՀԵՄ համաhայկական ուխտագնացությանը մասնակցելու համար շուրջ 300 երիտասարդներ հայաստանյան և աշխարհասփյուռ թեմերից, ինչպես նաև՝ թեմակալ առաջնորդներ և հոգևորականներ, այդ թվում Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից, մեկտեղվել են Հայրենիքում։

ՀԵՀԵՄ համահայկական երիտասարդական հավաքը մեկնարկեց առավոտյան ժամերգությամբ և ուխտագնացության պաշտոնական բացմամբ։

Բացմանը ներկա գտնվեց Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Հանդիպումը սկսվեց Հայրապետական մաղթերգով, որից հետո ներկաներին ողջունեց ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Սրբազան Հայրն իր խոսքում անդրադարձավ ՀԵՀԵՄ 25-ամյա գործունեությանը՝ ընդգծելով, որ այն դարձել է Հայ Եկեղեցու առաքելական կյանքի կարևորագույն հանգրվաններից մեկը։ Հովնան Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը 25 տարի առաջ կառույցի նախաձեռնման, մշտական հոգածության ու հայրական խնամքի համար։

Երիտասարդների անունից խոսքով հանդես եկավ ԱՄՆ Արևմտյան թեմի երիտասարդական միության ներկայացուցիչ Օվսաննա Ամրանը։

Այնուհետև ցուցադրվեց ՀԵՀԵՄ 25-ամյակին նվիրված «Շողակաթ» հեռուստաընկերության տեսանյութը։

Ապա ուխտագնացության մասնակիցներին հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց աշխարհի տարբեր կողմերից հայրենիքում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո հայորդիների համախմբման առիթով՝ այն լավագույն առիթ նկատելով զորացնելու հավատքն առ Աստված և նվիրումը առ հայրենին։

«Սիրասուն զավակներ մեր, որտեղ էլ լինի՝ թե՛ Հայաստանում, և թե՛ սփյուռքում, հոգևոր ու ազգային արժեհամակարգի պահպանությամբ ու դրան հավատարմությամբ է միայն հնարավոր հայ լինել, մնալ արժանավոր զավակը ազգի և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու։ Այս կառույցին և թեմերին կից երիտասարդական կազմակերպություններին անդամակցելով՝ հայորդիները առավել զորանում են Աստվածասիրությամբ ու հայրենանվիրումով, պատրաստ լինում գովարժան հանձնառությունների մեր հավատքի, մշակույթի ու լեզվի պահպանության, այլև՝ ազգային անդաստանում կարևոր դերակատարության», — ասաց Վեհափառ Հայրապետը։

Անդրադառնալով այս օրերին հայրենիքի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, Վեհափառ Հայրը նկատեց․ «Առկա մարտահրավերների հանդիման հրամայական է միասնական լինել և նախանձախնդիր՝ օրինականության պաշտպանության գործում, թույլ չտալ մեր Սուրբ Եկեղեցու հեղինակազրկումն ու նսեմացումը։ Մեր բարդ ժամանակներում անհրաժեշտ է ամուր պահել հավատքը, ազգանվիրումն ու եկեղեցանվիրումը։ Ով, եթե ոչ մենք՝ հոգևորականներ և մեր հավատավոր զավակներ, որ միասնաբար կազմում ենք Սուրբ Եկեղեցին, պիտի ջանքեր ներդնենք, որպեսզի մեր կյանքում, հայրենական անդաստանում հաղթանակեն սերը, արդարությունը և ճշմարտությունը, կամայականությունների և ապօրինությունների հանդեպ գերակայեն օրենքն ու իրավունքը, և մեր ժողովուրդը ապրի անխռով ու միաբան»։

Ուխտագնացության պաշտոնական բացումից հետո մեկնարկեց երիտասարդների համար ՀԵՀԵՄ գրասենյակի կողմից մշակված «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով կրթական ծրագիրը, որի շրջանակներում «Աստծո Թագավորությունը» և «Սուրբ Եկեղեցին» թեմաներով բանախոսությամբ հանդես եկան հոգևոր հայրերը։

Երիտասարդներին ինտերակտիվ, ոչ ֆորմալ կրթական գործիքներով տրվեցին առաջադրանքներ, անցկացվեցին թեմատիկ խաղեր՝ ապահովելու համար նրանց անհատական և խմբային մասնակցայնությունը  ծրագրին։

«Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության առաջին օրն ավարտվեց երեկոյան ժամերգությամբ։

Երեկոն ուղեկցվեց ազգային պարերի ուսուցմամբ և երգասացությամբ։

ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունները հրավիրվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Մասնակիցները Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի եկեղեցասեր երիտասարդներն են: Վերջին տարիներին հիշարժան են հատկապես «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Հայրենիք» (2018թ.), «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» (2019թ.) և «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» (2022 թ.), «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» (2023 թ.),  համահայկական ուխտագնացությունները:

 ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ