• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Մեր սուրբ հայրերին արժանի երիտասարդներ եղեք. Հայր Թովմայի ուղերձը

Սիրելի երիտասարդներ՝ Ի Հայաստան, ի Արցախ և ի Սփյուռս աշխարհի։

Մեր շնորհավորանքն ենք հղում ձեզ երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ։

Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր, և ձեզանից շատերն այսօր հավարտ երեկոյան ժամերգության մասնակցեցին Երիտասարդների օրհնության կարգին։ Այդ օրհնությունը թող անբաժան լինի ձեզնից, և սուրբ զորավարի, նրա որդու և 14 մարտիրոսների բարեխոսությունն անպակաս՝ ձեր կյանքից։

Նրանց Քրիստոսանվեր կյանքի օրինակը թող որպես փարոս առաջնորդի ձեզ՝ որպես քրիստոնյաներ ջանադրաբար գործելու և շենացնելու Եկեղեցին ու Հայրենիքը։ Մեր ամեօրյա վազքի, շատերիս պատած անորոշության, հուսահատության, բարոյալքման, աշխարհը զավթած համաճարակների, հընթացս տեղի ունեցող և հասունացող պատերազմների ֆոնին առավել քան երբևէ կենսավետ է դառնում Ավետարանական ճշմարտությունը, և առավել քան երբևէ՝ փրկչական՝ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը և մեզ համար հեղած Իր սուրբ արյան բարեխոսությունը։

Մեր սուրբ հայրերին արժանի երիտասարդներ եղեք՝ խոհուն մտքով, սուրբ վարքով, առողջ դատողությամբ, ծնողահարգ և ճշմարտասեր։ Սուրբ Հոգու շնորհները առատապես օգտագործողներ եղեք՝ ի շահ Եկեղեցու և Հայրենիքի։

Ձեզ ենք փոխանցում նաև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հայրական օրհնությունն ու սերը։

Թո՛ղ Աստված լիացնի ձեր սրտերն իր անսպառ սիրով և զարդարի ձեզ Սուրբ Հոգու շնորհներով։

 

 

 

Թովմա վարդապետ Խաչատրյան
Թովմա վարդապետ Խաչատրյան
  ՀԵՀԵՄ Հոգեւոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն