• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Մեկնարկում է ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչի այցը Հարավային Ամերիկա

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ, 2022 թվականին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) տարածաշրջանային և թեմական ֆորումներ է անցկացնում Հայաստանում և արտերկրում։  Արդեն իսկ կայացել են ՀԵՀԵՄ Ռուսաստանի և ԱՊՀ-ի (Կիսլովոդսկ), ՀԵՀԵՄ Եվրոպայի (Բրյուսել, Պրահա), ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (Կահիրե)  տարածաշրջանային ֆորումները։

 

Հարավային Ամերիկայի հայոց թեմերի հրավերով, մայիսի 1-ից մեկնարկում է ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Թովմա վարդապետ Խաչատրյանի այցը Հարավային Ամերիկայի հայոց թեմեր։ Մասնավորապես Հայր Սուրբը կայցելի Բրազիլիայի, Արգենտինայի և Ուրուգվայի հայոց թեմեր՝ ՀԵՀԵՄ թեմական ֆորումներ անցկացնելու նպատակով։

Ինչպես ՀԵՀԵՄ նախորդ տարածաշրջաններում, այնպես էլ այստեղ կկայանան հանդիպումներ թեմակալ առաջնորդների, տեղի երիտասարդաց միությունների անդամների և հոգևոր պատասխանատուների հետ։
Այցի շրջանակներում կանցկացվեն երիտասարդական քրիստոնեական աշխատանքի, երիտասարդական համայնքային կյանքի խթանմանը միտված դասընթացներ և զրույցներ։ Երիտասարդներն իրենք կանեն համայնքային կյանքի և երիտասարդական աշխատանքի ակտիվացմանն ուղղված առաջարկներ և համատեղ քննարկումների արդյունքում կգտնեն լուծումներ։

Նախորդ ֆորումների փորձը և հետադարձ կապը փաստում են, որ երիտասարդական քրիստոնեական աշխատանքի պրոֆեսիոնալիզացմանն ուղղված դասընթացները լրջագույնս հետաքրքրել են երիտասարդներին, և արդեն իսկ առանձին թեմերում դրանք կյանքի են կոչվում։