• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Թո՛ղ 2022-ը ազգային համախմբման տարի լինի․ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչի շնորհավորականը

Սիրելի ՀԵՀԵՄ-ական երիտասարդներ, Տերունի 2021 թվականն այլևս անցյալ է։ Անցնող տարվան ուղղված հրաժեշտի խոսքերն ասում ենք առ Աստված հուսավառ սրտով։ Անցած տարին մեր ժողովրդի կյանքում զերծ չէր կորուստներից, տագնապներից, մեծ ու փոքր դժվարություններից և անշուշտ նաև՝ ձեռքբերումներից, որոնք նպաստեցին մեր հոգևոր աճին և ամրացմանը։

  Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը, ի մի բերելով անցած տարվա աշխատանքը, գոհությամբ փաստում է, որ տարին եղել  է  երիտասարդակենտրոն  և  աստվածահաճո  բազմաթիվ ծրագրերով և միջոցառումներով գերգհագեցած՝ Հայրենիքում և ի սփյուռս աշխարհի։ Մասնավորապես, Կենտրոնական գրասենյակում անցկացվեցին Հոգևոր զրույցներ՝ առցանց և առկա ձևաչափերով, հոգևոր-ինտելեկտուալ խաղեր, հանրային դեմքերի հետ հանդիպումներ, կինոդիտումներ և գրքի քննարկումներ, միջոցառումներ՝ ոչ ֆորմալ միջավայրում, ուխտագնացություններ դեպի խոնարհված և կանգուն եկեղեցիներ։

Բազմաթիվ նոր ծրագրեր մեկնարկեցին անցած տարի, ի թիվս որոնց՝ «ՀԵՀԵՄ զրուցարան», «SPEAKnic ակումբ», «Համայնք և երիտասարդություն», «ՀԵՀԵՄ գրադարան», «Աստված իմ կյանքում», «Եկեղեցու շնորհալիները», «Լինել ՀԵՀԵՄ-ական», «Երիտմոտիվացիա․  մտքի  տրանսֆորմացիա»«Հոգևոր-եկեղեցական լրագրության դասընթաց», «Իմ թանկ», և այլն։

Ստեղծվեցին ՀԵՀԵՄ երիտասարդական թատրոնը և ՀԵՀԵՄ երգչախումբը։ ՀԵՀԵՄ-ը համալրվեց բազմաթիվ նոր անդամներով։ ՀԵՀԵՄ պաշտոնական hehem.am կայքէջը ստացավ նոր տեսք և ստեղծվեցին նոր բաժիններ ու ենթաբաժիններ։ ՀԵՀԵՄ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերը բազմաթիվ դիտումներ ունեցան՝ շնորհիվ նոր լուծումների և նոր շարքերի։ Տարեվերջին կայացավ առցանց ՀԵՀԵՄ Ատենապետաց II Ժողովը, որտեղ ի մի բերվեցին բոլոր թեմերի երիտասարդաց միությունների իրականացրած ծրագրերը և ուրվագծվեց հաջորդ տարվա տեսլականը։

Սիրելի հայ երիտասարդնե՛ր, ՀԵՀԵՄ աշխատակա՛զմ և կամավորնե՛ր, սիրելի քույրե՛ր և եղբայրնե՛ր ի սփյուռս աշխարհի, թո՛ղ այս նոր, Տերունի 2022 թվականը երիտասարդական ներուժի գեներացման,  ազգային համախմբման, հոգևոր դարձի և աճի նոր նշաձող սահմանի, Տիրոջ շնորհաբաշխ Աջի ներքո լինենք ազգովի և անսասան դարձնենք մեր Հայրենիքի  ֆիզիկական և հոգևոր անդաստանը։

Մաղթում եմ ձեզ, որ Սուրբ Ծննդյան Ավետիսը դառնա մեր կյանքի մեծագույն ավետիսը, որով Աստված հաշտվեց իր արարչության պսակի՝ մարդու հետ։ Բարի լուրի ավետաբերներ լինենք յուրաքանչյուրս մեր կյանքով ու գործով , և թո՛ղ Տիրոջ հոգածու առաջնորդությամբ ծաղկի ՀԵՀԵՄ հարկը՝ ընտանեկան բույն դառնալով նորանոր երիտասարդների համար։

  Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ

 

Սիրով և Օրհնությամբ՝

 

  Թովմա վարդապետ Խաչատրյան
  Թովմա վարդապետ Խաչատրյան
  ՀԵՀԵՄ Հոգեւոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն