Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) շարունակում է իր գործունեությունը։
Սույն թվականի հունվարի 19-ին ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախագահությամբ կայացավ ՀԵՀԵՄ պաշտոնեության տարեսկզբյան աշխատանքային առցանց հանդիպումը։
Հանդիպմանը ներկա հոգևոր դասն աղոթեց նույն օրն առավոտյան հայոց բանակում տեղի ունեցած ողբերգական միջադեպին զոհ դարձած զինվորների համար։
ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանն ամփոփեց նախորդ տարվա գործունեությունը։ Հովնան Սրբազանի կողմից համապատասխան հրահանգներ և թելադրանքներ ստացվեցին այս տարի նախատեսվող միջոցառումների վերաբերյալ։
Քննարկման նյութերից էին ՀԵՀԵՄ Ընդհանուր Ուղեցույցում տեղ գտած փոփոխությունները, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի բացման տարվա կապակցությամբ հուլիս ամսին «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով Համահայկական ուխտագնացության անցկացումը, ինչպես նաև՝ երիտասարդների նախաձեռնությամբ դեպի Սուրբ Էջմիածին սեպտեմբերին թեմերից կազմակերպվելիք ուխտագնացությունը։ Քննարկվեցին նաև այս տարի կայանալիք Տարածաշրջանային ֆորումները։
Այս և այլ հարցերի իրականացումը քննարկելու համար որոշվեց սույն թվականի փետրվարի 10-ին գումարել Ատենապետաց առցանց ժողով, որին մասնակցելու են հրավիրվելու Հայ Եկեղեցու թեմերի երիտասարդական հարցերով պատասխանատուները։