• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչը Ս. Պատարագ մատուցեց Սան Պաուլոյում

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ,  Հարավային Ամերիկայի հայոց թեմերի հրավերով շարունակվում է  ՀԵՀԵՄ  հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի այցը Հարավային Ամերիկայի Հայ Եկեղեցու թեմեր։

Բրազիլիայի Հայոց թեմում Հայր Թովման մայիսի 8-ին Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Սան Պաուլոյի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ  եկեղեցում։

«Սիրելիներ, ձեր բոլոր զոհողություններն ու զոհաբերությունները՝ ձեր ժամանակից, կարողություններից, ֆինանսներից, ձեր կյանքից, հավիտենական կյանքի համար են։ Մեր նախնիներն էլ են այդպես արել և  մեր հաջորդներն էլ այդպես անելու։ Երբ մենք մկրտությամբ ընդունում ենք քրիստոնեությունը, հավիտենական կյանքի ժառանգորդ ենք դառնում։ Հավիտենական կյանքը միայն մահվանից հետո կյանքը չէ, այլև՝ Աստծո հետ ապրած կյանքը։ Քանի որ Աստված հավիտենական է, մենք էլ, Աստծո հետ ապրելով, Աստծո կյանքի մեջ ենք մտնում, Աստված էլ՝ մեր կյանքի մեջ։ Եվ երկուսը միախառնվելով՝ դառնում են հավիտենական կյանքի ճամփորդներ»,– իր քարոզի մեջ մասնավորապես նշեց Հայր Թովման։

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունները, իր շնորհակալությունը հայտնեց Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանին՝ հույս հայտնելով, որ ՀԵՀԵՄ Գրասենյակի և Բրազիլիայի թեմի ՀԵՀԵՄ–ի միջև կապն էլ ավելի կամրապնդվի և նորանոր ծրագրեր կիրականացվեն։

Հավարտ Ս. Պատարագի Հայր Թովման հանդիպեց նաև Բրազիլիայի Հայոց Թեմի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու Վարչության ատենապետ Տիգրան Քյուլցյանին։ Վերջինս Հայր Սուրբին խնդրեց իր որդիական ողջյուններն ու խոնարհումը փոխանցել Վեհափառ Հայրապետին։