Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ՝ ընդառաջ Հարավային Ամերիկայի Հայ Եկեղեցու թեմերի հրավերի, շարունակվում է ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի աշխատանքային այցը ՀԵՀԵՄ տարածաշրջան։
Մայիսի 9-ին Հայր Սուրբը Բրազիլիայից ժամանեց Արգենտինա, որտեղ նախատեսվում է անցկացնել ՀԵՀԵՄ թեմական ֆորումներ երեք քաղաքներում՝ Ռոզարիո, Կորդոբա և Բուենոս Այրես։
Ռոզարիոյում Հայր Թովման հանդիպեց տեղի Պատվո հյուպատոս Մուրադ Յուսեֆյանի, ինչպես նաև՝ Հայ Կենտրոնի նախագահ Խուան Դանիել Դանիելյանի հետ։ Վերջիններս Հայր Սուրբի և նրան ուղեկցող Արգենտինայի Հայոց թեմի հոգևոր սպասավոր Հոգեշնորհ Առեն վարդապետ Շահենյանի հետ այցելեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշարձան։ Այստեղ միասնական աղոթք կատարվեց բոլոր նահատակների հոգիների հանգստության համար։
Այնուհետև Ռոզարիոյում կայացավ ՀԵՀԵՄ թեմական ֆորումը՝ տեղի հայ համայնքի երիտասարդների մասնակցությամբ։
ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչը հանդես եկավ «ՀԵՀԵՄ–ն այսօր» խորագրով բանախոսությամբ, անդրադարձավ ՀԵՀԵՄ-ի առաքելությանը, ռազմավարական նպատակներին, տարածաշրջանային կառուցվածքին, հոգևոր–երիտասարդական ծրագրերին։
Այնուհետև իրականացվեց կարիքների գնահատում․ երիտասարդները նախապես կազմված հարցաշարի օգնությամբ փորձեցին վերլուծել հայապահպան, հավատապահպան և ազգային-հոգևոր ինքնությանն առնչվող խնդիրները և գտնել դրանց լուծման ուղիները։ Կարևորվեց երիտասարդական քրիստոնեական աշխատանքի պրոֆեսիոնալիզացիան։
Ֆորումի մասնակիցներին հանձնվեցին վկայականներ և Մայր Աթոռում օրհնված խաչեր։
Ֆորումի ավարտին, ի պատիվ Հայր Սուրբի այցի, Ռոզարիոյի հայ համայնքի կողմից մատուցվեց ընթրիք։
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ, 2022 թվականին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) տարածաշրջանային և թեմական ֆորումներ է անցկացնում Հայաստանում և Սփյուռքում։ Արդեն իսկ կայացել են ՀԵՀԵՄ Ռուսաստանի և ԱՊՀ-ի (Կիսլովոդսկ), ՀԵՀԵՄ Եվրոպայի (Բրյուսել, Պրահա), ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (Կահիրե) տարածաշրջանային ֆորումները, Բրազիլիայում (Սան Պաուլո) ՀԵՀԵՄ թեմական ֆորումը։