• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ավարտվեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչի այցը Հարավային Ամերիկա

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և  Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման  հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ, Հարավային Ամերիկայի թեմերի հրավերով ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ  Թովմա վարդապետ Խաչատրյանի աշխատանքային այցը տարածաշրջան ավարտվեց Արգենտինայյի մայրաքաղաք Բուենոս Այրեսում գտնվող ազգային հաստատություններ այցելությամբ։

Հայր Սուրբն այցելեց Արգենտինայի Հայոց թեմի հովանու ներքո գործող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ազգային վարժարան, ՀԲԸՄ–ին պատկանող կրթական հաստատություն, ինչպես նաև՝ ՀՕՄ–ին պատկանող հայ ծերանոց։

Հայր Թովման առանձնազրույց ունեցավ կրթական հաստատությունների սաների հետ՝ «հարց ու պատասխան» ձևաչափով, և նրանց, ովքեր իրենց ուսումնառության  ավարտին դասարանով Հայաստան պիտի մեկնեն, հրավիրեց այցելել ոչ միայն Մայր Աթոռ, այլև՝ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ՝ ծանոթանալու և մասնակիցը դառնալու կառույցի ծրագրերին։

Արգենտինայի Հայոց թեմի հոգևոր սպասավոր Տեր Տրդատ քահանա Օհանյանի հրավերով և ուղեկցությամբ Հայր Սուրբն այցելեց նաև Վիսենտե Լոպես քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցի և ազգային վարժարան։

Արգենտինայի Հայոց թեմը Հայր Թովմային հրաժեշտ տվեց պաշտոնական ընթրիքով՝ գլխավորությամբ թեմակալ առաջնորդի, մասնակցությամբ Վարչական խորհրդի ատենապետության անդամների և թեմի հոգևոր սպասավորների։

Հիշեցնենք, որ Հայր Թովման Հարավային Ամերիկա էր մեկնել ՀԵՀԵՄ թեմական ֆորումներ անցկացնելու նպատակով։ Ֆորումներ անցկացվեցին Բրազիլիայում (Սան Պաուլո, մայիսի 6), Արգենտինայում (Ռոզարիո՝ մայիսի 10, Կորդոբա՝ մայիսի 12, Բուենոս Այրես՝ մայիսի 14) և Ուրուգվայում (Մոնտեվիդեո, մայիսի 16)։

 

 

2022 թվականը ՀԵՀԵՄ-ի համար հռչակվել է Տարածաշրջանային ֆորումների և Համահայկական ուխտագնացության տարի։ ՀԵՀԵՄ-ը տարածաշրջանային և թեմական ֆորումներ է անցկացնում Հայաստանում և Սփյուռքում։ Արդեն իսկ կայացել են ՀԵՀԵՄ Ռուսաստանի և ԱՊՀ-ի (Կիսլովոդսկ), ՀԵՀԵՄ Եվրոպայի (Բրյուսել, Պրահա), ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (Կահիրե) տարածաշրջանային ֆորումները, Բրազիլիայում (Սան Պաուլո), Արգենտինայում (Ռոզարիո, Կորդոբա, Բուենոս Այրես), Ուրուգվայ (Մոնտեվիդեո)` ՀԵՀԵՄ  թեմական ֆորումները։